Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Շուշան Պետրոսյանը մեղավոր չէ, մեղավոր են նրան ԱԺ «բերողները»

Շուշան Պետրոսյանը մեղավոր չէ, մեղավոր են նրան ԱԺ «բերողները»
20.05.2014 | 01:03

Երեկ ԱԺ-ն հերթական անգամ փայլեց իր մակարդակով: Պատգամավորի մանդատ ձեռք բերած, բայց մինչ օրս դրա հարգը չիմացող երգչուհի Շուշան Պետրոսյանը ողջ լրատվական դաշտի ներկայացուցիչներին անվանարկեց` հրապարակավ անվանելով «անբարոյականներ»:
Մինչդեռ օրենսդիր մարմնում աշխատելով՝ յուրաքանչյուր ոք պետք է գոնե տարրական հարգանք և խոսելու կուլտուրա ունենա իր հետ մշտական հարաբերությունների մեջ գտնվող լրագրողական համքարության նկատմամբ, բերանը «մաքուր» պահի, իր աչքի գերանը տեսնի, նոր միայն՝ ուրիշի աչքի շյուղը: Շուշան Պետրոսյանը մինչ պատգամավոր դառնալու համաձայնություն տալը նախ պետք է պատրաստ լիներ քաղաքական դաշտ «ներխուժելուն»: Մեկ անգամ չէ, որ ՀՀԿ-ն «նեղն է ընկնում»՝ նրա մտքի «գոհարները» սրբագրելով:
Իհարկե, մենք հեռու ենք այն կարծիքից, թե խորհրդարանում միայն Շուշանն է քաղաքականությունից կիլոմետրերով հեռու: Թաղային հեղինակությունների, մականունավորների շարքում նա, երևի, ավելի «խորհրդարանական» է: Այդուհանդերձ, հստակ է, որ երգչուհին, մեղմ ասած, ո՛չ իր տեղում է, ո՛չ էլ իր գործով է զբաղված:
Առավել անհասկանալի են այդ միջադեպի առնչությամբ նրա կուսակիցների արդարացումները: Ներողություն հայցել այն դեպքում, երբ նման արարք թույլ տված անձը չի էլ ցանկանում անգամ իր շուրթերով այդ բառը հնչեցնել, առնվազն անմտություն է: Ինչո՞ւ են փորձում պաշտպանել մի մարդու, ով դրա կարիքը չի էլ զգում: Իսկ այն որակումները, թե նա «էմոցիոնալ» է, բռնկուն բնավորություն ունի, առնվազն տարօրինակ են։ Այդ որակներով նա ժամանակին լավ էլ ընտրել է իր ուղին` բեմը, դերասանությունը, դե թող բեմի վրա էլ խաղա:
Այս ամենում Շուշան Պետրոսյանից առավել մեղավոր են նրանք, ովքեր նրան խորհրդարան են բերել: Քաջ Նազարն էլ քաջնազար չէր դառնա, եթե ծափահարողներ չունենար։ Իսկ խորհրդարանը քաղաքական մարմին է, որտեղ «հանդիսատեսը» ծափահարում է շիտակ կեցվածքի ու ճիշտ խոսքի համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1911

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ